Ռուզան Մանթաշյան

Հայ օպերային երգչուհի, քնարական սոպրանո։ Նա ծնվել է Երևանում։ Բարձրագույն երաժշտական կրթությունը ստացել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ ուսանելով պրոֆեսոր Վալերի Հարությունյանի դասարանում։ Հետագայում տեղափոխվել է Ֆրանսիա և մասնագիտական կրթությունը շարունակել Փարիզի ազգային օպերայի «Ատելիե Լիրիկ» երիտասարդական օպերային ստուդիայում, ինչպես նաև մասնակցել է աշխարհահռչակ օպերային երգչուհիներ Միրելլա Ֆրենիի, Ռենատա Սկոտտոյի և Եվա Մարտոնի վարպետության դասերին։ Միջազգային օպերային բեմում Ռուզան Մանթաշյանը նորամուտը նշել է Փարիզի ազգային օպերայում, որից հետո հանդես է եկել Եվրոպայի և աշխարհի առաջատար օպերային թատրոններում ու փառատոներում։ Նա մենահամերգներով և գլխավոր դերերգերով ելույթ է ունեցել Դրեզդենի Զեմպերօպերայում, Լոնդոնի «Քովենտ Գարդեն» թագավորական օպերային թատրոնում, Վիեննայի պետական օպերայում, Մյունխենի Բավարիայի պետական օպերայում, Համբուրգի և Բեռլինի պետական օպերաներում, Ժնևի մեծ թատրոնում, Թուրինի «Ռեջո» թատրոնում և Մեծ Բրիտանիայի Գլայնդբորնի օպերային փառատոնում։ Երգչուհու օպերային խաղացանկում ընդգրկված են համաշխարհային դասական օպերաների առանցքային կանացի դերերգերը, այդ թվում՝ Միքայելայի դերերգը Ժորժ Բիզեի «Կարմեն», Միմիի դերերգը Ջակոմո Պուչինիի «Բոհեմ», Տատյանայի դերերգը Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին», Մարգարիտայի դերերգը Շառլ Գունոյի «Ֆաուստ», Վիոլետա Վալերիի դերերգը Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա», Դեզդեմոնայի դերերգը «Օթելլո», Կոմսուհի Ալմավիվայի դերերգը Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը», Դոննա Աննայի և Դոննա Էլվիրայի դերերգերը «Դոն Ժուա