Ներսես Շնորհալի

Ներսես Դ Կլայեցի (հայտնի որպես Ներսես Շնորհալի), 12-րդ դարի հայ հոգևորական, բանաստեղծ, երաժիշտ, աստվածաբան և Ամենայն Հայոց Կաթողիկոս, ում ստեղծագործությունը հանդիսանում է հայ միջնադարյան մշակույթի գագաթնակետերից մեկը։ Իր բացառիկ տաղանդի, մտքի պայծառության և առաքինի կյանքի համար ժամանակակիցների կողմից ստացել է «Շնորհալի» պատվանունը։ Նրա թողած գրական ժառանգությունը հարուստ է ու բազմաժանր՝ սկսած կրոնական-եկեղեցական շարականներից, աղոթքներից (որոնցից ամենահռչակավորը «Հավատով խոստովանիմ»-ն է՝ թարգմանված աշխարհի տասնյակ լեզուներով), մինչև հանրամատչելի հանելուկներ, պոեմներ ու հայրենասիրական ողբեր (ինչպիսին է «Ողբ Եդեսիոյ»-ն)։ Շնորհալին նաև մեծագույն երաժիշտ-բարեփոխիչ էր, ով հարստացրեց հայոց հոգևոր երգարվեստը նոր մեղեդիներով։ Որպես կաթողիկոս և քաղաքական գործիչ՝ նա աչքի է ընկել բացառիկ դիվանագիտությամբ՝ ակտիվորեն պայքարելով քրիստոնեական եկեղեցիների միասնության ու հայոց ազգային-եկեղեցական ինքնուրույնության պահպանման համար։