Խաչիկ Պողոս Աստվածատուրյան

Հայկական ծագմամբ գործարար, ֆինանսիստ, բարերար և Հոնկոնգի պետական-հասարակական գործիչ, ով միջազգային ասպարեզում առավել հայտնի է Սըր Փոլ Չաթեր անվամբ։ Նա ծնվել է 1846 թվականի սեպտեմբերի 8-ին Բրիտանական Հնդկաստանի Կալկաթա քաղաքում՝ բազմազավակ հայկական ընտանիքում, և մկրտվել տեղի Սուրբ Նազարեթ հայոց եկեղեցում։ Յոթ տարեկանում կորցնելով ծնողներին՝ կրթաթոշակով ընդունվել է Կալկաթայի հեղինակավոր Լա Մարտինիեր քոլեջ, որն ավարտել է գերազանց առաջադիմությամբ։ 1864 թվականին տասնութամյա պատանին տեղափոխվել է Հոնկոնգ՝ իր ավագ քրոջ ընտանիքի մոտ, և աշխատանքի անցել Հինդուստանի, Չինաստանի և Ճապոնիայի բանկում։ Հոնկոնգում Աստվածատուրյանը կարճ ժամանակում դարձել է հաջողակ բորսայական միջնորդ և ձեռնարկատեր՝ զբաղվելով ոսկու, արժեթղթերի և անշարժ գույքի գործառնություններով։ Ուսումնասիրելով Վիկտորիա ծովախորշի ափագիծն ու հատակը՝ նա մշակել և իրականացրել է ծովի հաշվին ցամաքի ընդլայնման լայնածավալ նախագիծ, որի շնորհիվ ձևավորվել է ժամանակակից Հոնկոնգի կենտրոնական գործարար թաղամասի զգալի հատվածը։ 1886 թվականին համահիմնադրել է Դեյրի Ֆարմ ընկերությունը, իսկ 1889 թվականին՝ Հոնկոնգ Լենդ անշարժ գույքի խոշորագույն ընկերությունը, ինչպես նաև մասնակցել է էլեկտրակայանների, նավահանգստային ենթակառուցվածքների և Սթար Ֆերրի լաստանավային ընկերության ստեղծմանն ու զարգացմանը։ Ձեռնարկատիրական գործունեությանը զուգահեռ Խաչիկ Պողոս Աստվածատուրյանը շուրջ կես դար առանցքային դեր է խաղացել Հոնկոնգի պետական կառավարման համակարգում։ 1876 թվականից մինչև կյանքի վերջը զբաղեցրել է Հոնկոնգի հաշտարար դատավորի պաշտոնը, 1887-ից 1906 թվականներին եղել է