Ագաթանգեղոս
Ագաթանգեղոս (4-րդ կամ 5-րդ դար), հայ գրականության ոսկեդարի պատմիչ, «Պատմություն Հայոց» երկի (հայտնի է նաև «Գիրք Ս. Գրիգորիսի» կամ «Պատմութիւն և վարք Ս. Գրիգորի» անուններով) հեղինակ։ Ագաթանգեղոս անունը հունական ծագում ունի և թարգմանաբար նշանակում է «բարի հրեշտակ», «բարի լրաբեր», տիրոջ կողմից ուղարկված ավետաբեր (հունարեն՝ αγαθός՝ բարի, αγγελος – հրեշտակ, լրաբեր): «Պատմություն Հայոց» Ագաթանգեղոսը հեղինակ է հայ պատմագրության հնագույն հուշարձանի՝ «Պատմութիւն Հայոց» երկի, որը հայտնի է նաև «Գիրք Ս. Գրիգորիսի» կամ «Պատմութիւն և վարք Ս. Գրիգորի» անուններով։ Գրքում սփռված «կենսագրական» տեղեկությունների և ակնարկների հիման վրա Ագաթանգեղոսն ավանդաբար համարվել է ծագումով հռոմեացի. Տրդատ Գ Մեծի ժամանակ գալով Հայաստան՝ դարձել է նրա քարտուղարը՝ որպես Տրդատի ու Գրիգորի աշխարհիկ և հոգևոր սխրագործությունների ժամանակակից ու ականատես, Տրդատի հանձնարարությամբ գրել է Խոսրով Մեծի և իր դարաշրջանի Հայաստանի պատմությունը։ «Պատմութիւն Հայոց»-ի նյութը IV դարի դեպքերն են, հատկապես քրիստոնեության մուտքը Հայաստան, Գրիգոր Լուսավորչի և Հռիփսիմյան կույսերի հավատն ու չարչարանքները, Տրդատ Գ-ի պայքարը նրանց դեմ, ապա նույն Տրդատի կողմից քրիստոնեությունը 301 թվականին պետական կրոն հաստատելը։ Գիրքը հարուստ է դիցաբանական, առասպելական պատմություններով, որոնց հիմքում ընկած են իրական պատմական փաստեր։ Այդ գիրքը սկզբնաղբյուր է եղել Մովսես Խորենացու և ուրիշների համար։ Առաջին անգամ նրա մասին հիշատակել է Ղազար Փարպեցին։ Մեծ է նրա ինչպես պատմական, այնպես էլ գրական-գեղարվեստական արժեքը։ Գիրքը դեռևս միջնադարում թարգմանվել է հունա