Տիգրան Ձիթողցյան

Հայ գեղանկարիչ, ժամանակակից արվեստի ներկայացուցիչ և հիպերռեալիստական դիմանկարի վարպետ, ում լրիվ անուն-ազգանունն է Տիգրան Լևոնի Ձիթողցյան։ Նա ծնվել է 1976 թվականի հոկտեմբերի 22-ին Երևանում։ Նկարչությամբ սկսել է զբաղվել չորս տարեկանից, իսկ տասը տարեկանում Երևանում կազմակերպվել է նրա առաջին անհատական ցուցահանդեսը, որին հաջորդել են ցուցադրություններ Իսպանիայում, Ռուսաստանում, Ճապոնիայում և ԱՄՆ-ում։ 1993-ից 1999 թվականներին ուսանել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, որից հետո ուսումը շարունակել է Շվեյցարիայում՝ 2002 թվականին ստանալով Լոզանի կերպարվեստի դպրոցի բակալավրի, իսկ 2005 թվականին՝ հանրային ոլորտի արվեստի մագիստրոսի աստիճան։ 2009 թվականից Տիգրան Ձիթողցյանը տեղափոխվել և հաստատվել է ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում, որտեղ ստեղծել է իր արվեստանոցն ու ծավալել միջազգային ստեղծագործական գործունեություն։ Ստեղծագործական ուղու ընթացքում նա աշխատել է սյուրռեալիստական, աբստրակտ և հիպերռեալիստական ուղղություններով՝ ձևավորելով իր ուրույն գեղարվեստական ձեռագիրը։ Նկարչին համաշխարհային լայն ճանաչում է բերել «Հայելիներ» դիմանկարների շարքը, որտեղ կանանց դեմքերը պատկերված են թափանցիկ ձեռքերի հետևում՝ միավորելով ֆոտոռեալիզմի տեխնիկական ճշգրտությունն ու հոգեբանական խորությունը։ Նրա հայտնի շարքերից են նաև «Միլենիում» և «Անձնական տարածք» ստեղծագործական նախագծերը։ Տիգրան Ձիթողցյանը բազմաթիվ անհատական և խմբակային ցուցահանդեսներով հանդես է եկել Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Փարիզում, Ժնևում, Լոզանում, Մոնակոյում, Ստամբուլում և Երևանում՝ մասնակցելով «Արտ Բազել Մայամի» և միջազգային այլ հեղինակավոր արվե