Գրիգոր Լուսավորիչ

Գրիգոր Լուսավորիչ
Գրիգոր Լուսավորիչ

Գրիգոր Ա Լուսավորիչը ծնվել է մոտավորապես 257 թվականին Արտաշատում կամ Վաղարշապատում՝ պարթևական ազնվական Անակ Պարթևի ընտանիքում։ Նրա հայրը սպանել է հայոց Խոսրով Ա թագավորին, ինչից հետո Անակի տոհմը բնաջնջվել է, սակայն մանկահասակ Գրիգորին դայակները փրկել և տեղափոխել են Կապադովկիայի Կեսարիա քաղաք։ Այնտեղ նա ստացել է փայլուն հելլենիստական կրթություն, դաստիարակվել քրիստոնեական հավատքով և ամուսնացել Մարիամ անունով հայուհու հետ՝ ունենալով երկու որդի՝ Վրթանեսն ու Արիստակեսը։ Հետագայում Գրիգորը վերադարձել է հայրենիք և ծառայության անցել Խոսրով թագավորի որդու՝ Տրդատ Գ-ի արքունիքում՝ թաքցնելով իր ով լինելը և քրիստոնյա դավանանքը։ Մեր թվարկության 287 թվականին, երբ Տրդատը հեթանոսական ծեսի ժամանակ հրամայել է Գրիգորին երկրպագել Անահիտ աստվածուհուն, վերջինս հրաժարվել է։ Իմանալով նաև նրա հոր արարքի մասին՝ արքան հրամայել է ենթարկել նրան դաժան տանջանքների և նետել Արտաշատի ստորոտում գտնվող մահապարտների ստորգետնյա վիրապը։ Գրիգորն այդ մութ ու թունավոր միջատներով լեցուն փոսում՝ Խոր Վիրապում, անցկացրել է շուրջ տասնչորս տարի՝ ողջ մնալով մի բարեպաշտ կնոջ շնորհիվ, ով գաղտնի ամեն օր հաց է նետել նրան։ Հայաստանում քրիստոնյաների, մասնավորապես Հռիփսիմյանց և Գայանյանց կույսերի նահատակությունից հետո Տրդատ արքան ծանր հիվանդացել է, և նրա քույրը՝ Խոսրովիդուխտը, երազում տեսել է, որ արքային կարող է բժշկել միայն վիրապում գտնվող Գրիգորը։ 301 թվականին Գրիգորն ազատ է արձակվել, բժշկել է թագավորին և կատարել 66-օրյա քարոզչություն, ինչից հետո Տրդատ Գ արքան, արքունիքն ու հայ ժողովուրդը մկրտվել են Արածանի գետում։ Քրիստոնեությու