Հրայր Հովնանյան

Հրայր Հովնանյանը ամերիկահայ գործարար և բարերար էր, ով իր կյանքի մեծ մասը նվիրեց հայրենիքին և հայ համայնքին: Նա ծնվել է 1930 թվականին իրաքահայ ընտանիքում: 1951 թվականին բեռնատար նավով ժամանել է Միացյալ Նահանգներ, իսկ 1956 թվականին Վիլանովայի համալսարանում ստացել է քաղաքացիական ճարտարագիտության բակալավրի աստիճան: Աշխատանքային ուղին սկսել է խորհրդատվական ընկերությունում, որը մասնակցում էր Կոնեկտիկուտի մայրուղու կառուցմանը: 1958 թվականին տեղափոխվել է Նյու Ջերսի նահանգի Թոմս Ռիվեր քաղաք և սկսել տներ կառուցել: 1963 թվականին հիմնել է Հովսոնս ընկերությունը, որը դարձել է երկրի ամենահաջողակ մասնավոր բնակարանաշինական ընկերություններից մեկը: Ազգային գործունեությունը նրա կյանքի երկրորդ մեծ ուղին էր: Նա Ամերիկայի հայկական համագումարի հիմնադիր բարերարներից էր և ավելի քան քսան տարի ղեկավարել է նրա հոգաբարձուների խորհուրդը: Ամեն ամառ իր տանը հյուրընկալել է համագումարի պրակտիկանտներին՝ երիտասարդներին ներշնչելով սեր հայկական ամեն ինչի հանդեպ: Նա նաև Հայաստան համահայկական հիմնադրամի հիմնադիր անդամներից էր: 1988 թվականի երկրաշարժից հետո Համագումարի անունից անմիջականորեն ղեկավարել է Հայաստանում բնակարանաշինության տարրեր արտադրող չորս գործարանի կառուցումը: Դրանց թվում էր Գյումրիում ստեղծված հայ-ամերիկյան տնաշինական կոմբինատը, որը Աղետի գոտուն ապահովում էր շինանյութերով, դռներով, պատուհաններով և աշխատատեղերով: 1986 թվականին կնոջ՝ Աննայի հետ, հիմնել է Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամը, որը աջակցում է բարեգործական, կրթական, կրոնական և գիտական ծրագրերի, այդ թվում՝ տրամադրում է կրթաթոշակներ հայ ուսանողն